Փետրվարի 28-ին ակնկալվում է ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների մեկնարկը, որոնք նախատեսված են Բելառուսի Գոմելի շրջանում՝ բելառուսա-ուկրաինական սահմանին, Պրիպյատ գետի շրջակայքում։
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը հայտարարել է, որ ՌԴ և Ուկրաինայի բանակցությունների համար հարթակը նախապատրաստվել է՝ սպասում են պատվիրակությունների ժամանմանը, գրում է Gazeta.ru-ն։
Փետրվարի 27-ին բելառուսական Գոմելում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին միայն ռուսական պատվիրակությունն էր ներկայացել։ Բազմաթիվ փոխադարձ հայտարարություններից հետո կողմերը համաձայնվել են հանդիպել ոչ թե Գոմելում, այլ Բելառուսի սահմանին՝ «առանց նախապայմանների բանակցությունների համար», գրում է BBC-ն։
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկում։ Նրանք պայմանավորվել են հանդիպել ռուսական պատվիրակության հետ առանց նախապայմանների Պրիպյատ գետի մոտակայքում։ Լուկաշենկոն պարտավորվել է, որ ուկրաինական պատվիրակության մեկնման, բանակցությունների և վերադարձի ժամանակ բելառուսական բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները, տեղակայաված Բելառուսի տարածքում, կմնան գետնի վրա»,-ասել են Զելենսկու աշխատակազմում։
ՌԴ պատվիրակության կազմում են ՊՆ, ԱԳՆ ներկայացուցիչները, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը և Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Պատվիրակության ղեկավարն է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։