AM
4 March 2022 - 08:04 AMT

Նուլանդ․ ՌԴ դեմ նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե ռազմական գործողությունն Ուկրաինայում դադարեցվի

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական գծով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ ՌԴ դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե ռազմական գործողությունն Ուկրաինայում դադարեցվի։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին հարցազրույցում։

«Պատժամիջոցները կավարտվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի այս պատերազմը և օգնի վերականգնել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունն ու ճանաչի այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։

Նա նաև ասել է, թե ՌԴ ղեկավարությունն այժմ փաստացի «ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը»։

Նուլանդը խուսափել է պատասխանել հարցին, թե մտադիր է արդյոք ԱՄՆ-ն ճանաչել ՌԴ կարմիր գծերը և որ ՆԱՏՕ-ի ընդլայնման կասեցումն ու Ուկրաինային իր կազմում ընդունելուց հրաժարվելը քննարկման առարկա չեն կարող լինել։

Նա ասել է, թե «Ուկրաինան զրոյական վտանգ էր ներկայացնում ՌԴ համար, ՆԱՏՕ-ն զրոյական վտանգ էր ներկայացնում ՌԴ համար»։ Նուլանդը նաև մեղադրել է Մոսկվային Ուկրաինան վերաինտեգրելու և «Խորհրդային Միությունը վերստեղծելու ձգտման մեջ»՝ ասելով, թե ՌԴ-ն, ըստ էության, ցանկանում է վերադառնալ «1979 թվականի ինչ-որ սովետական ֆանտազիայի»։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։