Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, անդրադառնալով որոշ ապրանքների աճող պահանջարկին Երևանի խանութներում, ֆեյսբուքյան իր էջում վստահեցրել է, որ Հայաստանում ներկայում նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։
Նա կոչ է արել քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել է Հայաստանի պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը.
«Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։
Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։
Հայաստանի Հանրապետությունում ներկայում նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։
Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է մոտ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար»։
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ-ն ժամանակավորապես կարգելի հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Կառավարության ենթամաքսային հանձնաժողովը հավանություն է տվել արգելքին։ «Միջոցը ժամանակավոր է և գործելու է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը՝ ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի համար։ Բացառություն կարվի միայն ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով արտահանումների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։