ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ բանակցությունների մեկնարկից ի վեր Մոսկվան և Կիևը զգալի առաջընթացի են հասել բանակցություններում։
«Ըստ իմ անձնական ակնկալիքների, այդ գործընթացն առաջիկա օրերին կարող է վերաճել երկու պատվիրակության միասնական դիրքորոշման, ստորագրման ենթակա փաստաթղթերի»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նշել է Սլուցկին, կողմերի համաձայնությունը նպաստում է լարվածության նվազեցմանը և «բազմաթիվ մարդկանց փրկությանը»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում անհրաժեշտ է համարել ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։ Նա ասել է, որ Կիևը մտադիր է նման հանդիպման հասնել, գրում է Deutsche Welle-ն։
Նա նշել է նաև, որ ուկրաինական պատվիրակության առջև հստակ խնդիր է դրված՝ «անել ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա երկու նախագահների հանդիպումը, հանդիպում, որին առաջնահերթ սպասում են մարդիկ»։
Զելենսկին նաև կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ին փակել Ուկրաինայի երկինքը։
Մինչդեռ ԱՄՆ-ն զգուշացրել է Չինաստանին լուրջ հետևանքների մասին՝ վերջինիս կողմից ՌԴ-ին ռազմական օգնություն ցուցաբերելու դեպքում։ Նման հավանականության մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները, գրում է BBC-ն։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։