Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև՝ կոչ անելով ավելացնել իր երկրին հատկացվող ռազմական օգնությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է ստորագրել Ուկրաինայի համար։ Այդ աջակցությունը կներառի «Սթինգերներ», «Ջավելիններ» , նոր ԱԹՍ-ներ, հայտնում է BBC-ն։
Բայդենը չի հստակեցրել, թե հատկապես ինչ ԱԹՍ-ների մասին է խոսքը, սակայն որոշ ԶԼՄ-ներ՝ CNN-ը, NBC-ն և Politico-ն հայտնել են, որ ԱՄՆ-ն կարող է Switchblade ԱԹՍ-ներ ուղարկել Ուկրաինա, որոնք հայտնի են նաև որպես կամիկաձե-դրոններ։
Ըստ ռազմական փորձագետների, նման անօդաչուների երկու տարբերակ կա՝ Switchblade 300 և Switchblade 600, որից վերջինը հագեցած է հակատանկային արկերով։ Դեռևս հայտնի չէ, թե որ մոդելը կստանա Ուկրաինան։
Բայդենը նաև ռազմական հանցագործ է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ռուսական կողմը նման հռետորաբանությունն անընդունելի է համարել։
Պուտինն իր հերթին հայտարարել է, որ ռազմական գործողությունը գնում է ըստ պլանի և հասցվելու է ավարտին։ Նա խոսել է նաև երկրում «հինգերորդ շարասյան» մասին։
Մինչդեռ ՄԱԿ Միջազգային դատարանը, որը քննում է Ուկրաինայի ներկայացրած հայցը՝ ՌԴ կողմից ցեղասպանություն հասկացությունը խեղաթյուրելու վերաբերյալ, հայտարարել է, որ ՌԴ-ն անհապաղ պետք է դադարեցնի մարտական գործողությունները։
Զելենսկին իր հերթական տեսաուղերձում նշել է ուկրաիանական կողմի առաջնահերթությունները ՌԴ հետ բանակցություններում՝ պատերազմի ավարտ, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ, երկրի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականության վերականգնում։ Նա նաև խոստացել է վերականագնել պատերազմի արդյունքում փլուզված բոլոր տները։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։