AM
21 March 2022 - 06:42 AMT

Ֆրանսիան սառեցրել է ՌԴ ԿԲ-ի €22 մլրդ-ի ակտիվները

Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են ՌԴ կենտրոնական բանկի €22 մլրդ-ի ակտիվները, ինչպես նաև արևմտյան երկրների պատժամիջոցներին ենթակա անձանց հաշիվներն ու անշարժ գույքը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյուն լե Մերը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի տարածքում սառեցվել է ընդհանուր առմամբ կես միլիարդ եվրո արժողությամբ անշարժ գույք, որը պատկանում է մոտ 30 ռուսաստանցու, ինչպես նաև արգելանք է դրվել ընդհանուր €150 մլն արժողությամբ երկու զբոսանավի վրա։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։