«Պարենով ապահովման» ծրագրի շրջանակներում Եվրամիությունը 4,5 միլիոն եվրոյի չափով բյուջետային դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի կառավարությանը: Ինչպես հաղորդել են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում, միջոցները կհատկացվեն գյուղատնտեսության եւ սոցիալական ապահովման նախարարություններին, անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեին, վիճակագրության ազգային ծառայությանը` մանկական եւ ընտանեկան նպաստների վճարումները կատարելու համար: ԵՄ-ն դրամաշնորհը հատկացրել է 2000 թվականին Եվրամիության եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրված փոխըմբռնման մասին հուշագրի համաձայն: «Պարենով ապահովման» ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9,5 միլիոն եվրո: Առաջին 5 միլիոն եվրոն ԵՄ-ն տրամադրել էր Հայաստանին 2001 թվականի դեկտեմբերին, մնացած գումարը փոխանցվել է օրերս: Ֆինանսների նախարարությունում դրամաշնորհի ուշացումը բացատրել են բացառապես տեխնիկական պատճառներով: Մոտ ժամանակներս սպասվում է նոր հուշագրի ստորագրում ԵՄ-ի կողմից 2002 թվականին Հայաստանին դրամաշնորհ տրամադրելու վերաբերյալ: