Արագածոտնում «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացմամբ կստեղծվի մոտ 1500 աշխատատեղ։ Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։
Նա հավելել է, որ Արագածոտնի մարզում կառուցվելիք այդ բազմաֆունկցիոնալ լեռնային համալիրի ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 30 մլրդ դրամ։
Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի` Էկոնոմիկայի նախարարության իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքները:
Իսպիրյանի խոսքով` հաշվետու ժամանակահատվածում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5․7 տոկոս: Նշվել է, որ ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 35 տոկոս: 2021թ. արտահանումը ներմուծման նկատմամբ աճել է, ինչի շնորհիվ ՀՆԱ-ի նկատմամբ բացասական տարբերությունը կրճատվել է` կազմելով -8 տոկոս:
«Առաջին անգամ ապրանքների արտահանումը գերազանցել է 3 մլրդ դոլարի շեմը»,- տեղեկացրել է փոխնախարարը:
Անդրադառնալով տարածաշրջանային փոխգործակցությանը` փոխնախարարը նշել է, որ Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին: 2021 թ. ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 2․5 մլրդ դոլար:
Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցությունից` գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և այն լիովին ուժի մեջ է մտել: Հաստատվել է CEPA դրույթների վերաբերյալ 300-ից ավելի միջոցառումներից բաղկացած ճանապարհային քարտեզը: