AM
3 July 2002 - 14:48 AMT

ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ ԱՐԴԵՆ ԿԱՐԵԼԻ Է ԸՆԴԳՐԿԵԼ ԳԻՆՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խումբը մշտապես ինչ-որ նոր գաղափարներ է ուսումնասիրում, թեեւ դրանք երբեմն համառորեն անվանում են «ՄԽ նոր առաջարկներ»: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ վերջին ջանքերը Քոչարյան-Ալիեւ հանդիպումը կազմակերպելու գործում նշանակում են, որ հայտնվել են հակամարտության կարգավորման նոր առաջարկներ: Ընդհանրապես, գաղափարների եւ առաջարկների քանակով ՄԽ նախագահությունը արդեն կարելի է ընդգրկել Գիննեսի ռեկորդների գրքում, նշել է ռուսաստանցի դիվանագետը` ընդգծելով, որ բանը ոչ թե գաղափարների քանակի մեջ է, այլ նրանում, թե պատրաստ են արդյոք կողմերը հաղթահարել իրենց անվստահությունն ու կասկածները, եւ բաց սրտով նստել բանակցությունների սեղանի շուրջ որեւէ պայմանավորվածությունների հասնելու համար: Մեկնաբանելով համանախագահների վերջերս Լիսաբոնում կայացած հանդիպումը` Գրիբկովը նշել է, որ դա Մինսկի խմբի անդամ-երկրների սովորական խորհրդակցություն էր: Համանախագահի խոսքերով, Լիսաբոնի ժողովը նպատակ ուներ նաեւ տեղեկացնելու ԵԱՀԿ նորանշանակ նախագահ Անտոնիո Մարտինես դա Կրուզին հակամարտության կարգավորման առաջընթացի եւ ապագա հեռանկարների մասին: Գրիբկովը նշել է, որ ԵԱՀԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՄԽ գործունեությանը եւ հակամարտության կարգավորման առաջխաղացմանը: