AM
9 Ապրիլ 2022 - 10:05 AMT

Ծրագրավորման ICPC մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի նաև Երևանում

Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ. ապրիլի 13-ին միաժամանակ 5 քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի, Մինսկ և Երևան։

Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և CodeSignal ընկերությունը, հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։

Մրցույթն անցկացնելու են Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։

Կորոտկևիչը աշխարհի ամենատիտղոսակիր օլիմպիականն է։ Նա դպրոցական միջազգային օլիմպիադայի (IOI) ռեկորդակիր է (6 ոսկե և 1 արծաթե մեդալ)։ Երեք անգամ եղել է բացարձակ հաղթող։ ICPC-ի կրկնակի չեմպիոն է (երրորդ անգամ մասնակցել չի թույլատրվում)։

Ապրիլի 12-ին անցկացվելու է փորձնական փուլը, իսկ հիմնական մրցույթը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-16:00:

«Իրենք տպելու և բաժանելու են խնդիրներ, ապա հետևելու են մրցույթի ընթացքին», – ասել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը։

«Օլիմպիական ծրագրավորման շարժման հիմնական աջակցողը Հայաստանում արդեն երկար տարիներ CodeSignal ընկերությունն է։ Մեր աշխատակիցներից շատերը տարբեր համալսարանների թիմերի անդամներ են կամ թիմերի մարզիչներ։ CodeSignal-ի հիմնադիրներ Տիգրան Սլոյանը և Արամ Շատախցյանը ևս ժամանակին ակտիվորեն ներգրավվել են օլիմպիական շարժմանը՝ մասնակցելով մաթեմատիկայի և ինֆորմատիկայի օլիմպիադաների, որոնց թվում է ICPC-ն», – նշել է CodeSignal ընկերության ինժեներական տնօրեն, Հայաստանի գրասենյակի ղեկավար Էդուարդ Փիլիպոսյանը։

Մրցույթին Հայաստանը ներկայացնող 13 թիմերն ընտրվել են նախորդ փուլի արդյունքների հիման վրա։ Այս փուլում ԵՊՀ-ից մասնակցելու է 4 թիմ, Հայ-ռուսական համալսարանից՝ 3 թիմ, մեկական թիմեր ՀԱՀ-ից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Գորիսի պետական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։

Մրցույթին մասնակցում է 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների։ Այս օլիմպիադայում Հայաստանը հանդես է գալիս Հյուսիային Եվրասիայի տարածաշրջանի կազմում, որտեղ մրցում են նաև ՌԴ, Ղազախստանի, ՀՀ հարևան պետությունների, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչները։ Եվրոպական տարածաշրջանի կազմում են ընդգրկված Ուկրաինան և Մոլդովան։

Մրցույթի ընթացքում, բացի տարածաշրջանային փուլի հաղթող 12 մեդալակիրներին որոշելուց, որոշվելու են նաև եզրափակիչ փուլի մասնակիցները։ Եզրափակիչը տեղի է ունենալու 2023 թվականին Եգիպտոսում։

ICPC-ն ծրագրավորման ալգորիթմիկ մրցաշար է՝ նախատեսված ուսանողների համար։ Մրցույթի ընթացքում տարբեր համալսարաններ ներկայացնող թիմերը փորձում են լուծել իրական խնդիրներ՝ զարգացնելով այնպիսի որակներ, ինչպիսիք են համագործակցությունը, ստեղծարարությունը, նորարարությունը և ճնշման տակ աշխատելու կարողությունը: Այսպիսով՝ ICPC-ն աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթներից է։