AM
11 April 2022 - 11:41 AMT

ՀԲ-ն նվազեցրել է 2022-ի համար ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը մինչև 1․2%

Համաշխարհային բանկը նվազեցրել է 2022-ի համար ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը մինչև 1․2%՝ Ուկրաինայում պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցության պատճառով։ Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի «Վերջին տնտեսական զարգացումները» հրապարակման մեջ։

Նշվում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հարվածում են աշխարհի տնտեսություններին, ընդ որում սպասվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունները հիմնական ծանրությունը կկրեն։ Հայաստանում տնտեսական աճը 2022-ին դեռևս կանխատեսվում է 1․2% (նախապատերազմյան կանխատեսումներից շեղումը՝ -4,1%), 2023-ի համար՝ 4․6% (-1%) և 4․9%՝ 2024-ին (-0․9)։

Ըստ գնահատականների՝ Ուկրաինայի տնտեսության ծավալների 45.1 տոկոսանոց կրճատում է կանխատեսվում, թեև կրճատման մեծությունը կախված կլինի պատերազմի տևողությունից և ինտենսիվությունից։ Աննախադեպ պատժամիջոցների հարվածը կրելով՝ Ռուսաստանի տնտեսությունն արդեն խորն անկման մեջ է հայտնվել, ընդ որում 2022 թ․ կանխատեսվում է թողարկման ծավալների 11.2 տոկոսանոց կրճատում։

Նշվում է, որ պատերազմը նաև ծանր հարված է հասցնում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող և զարգացող տնտեսություններին՝ տարածաշրջան, որտեղ արդեն այս տարի համավարակի շարունակվող ազդեցությունների հետևանքով տնտեսական աճը դեպի դանդաղում էր գնում։ Ռուսաստանից և Ուկրաինայից բացի, կանխատեսվում է, որ Բելառուսը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը2022-ին տնտեսական անկման մեջ կընկնեն, իսկ աճի կանխատեսվող ցուցանիշները բոլոր տնտեսություններում իջեցվել են՝ պայմանավորված պատերազմի ազդեցությունների տարածմամբ, եվրագոտում սպասվածից թույլ տնտեսական աճով և ապրանքային, առևտրի և ֆինանսական ցնցումներով։

Պատերազմի պատճառով առաջացած հումանիտար խորը ճգնաժամը համաշխարհային ցնցման սկզբնական ալիքներից առավել արտահայտվածն էր և հավանաբար հակամարտության թողած ամենատևական ժառանգությունների թվին կդասվի։ Ուկրաինայից դեպի հարևան երկրներ փախստականների ալիքի պատճառով սպասվում է, որ նախորդ ճգնաժամերի նշանակությունը դրա համեմատ կփոքրանա։ Դրա հետևանքով առանցքային կլինի ընդունող երկրին և փաստականների համայնքներին օժանդակությունը, և Համաշխարհային բանկը ծրագրային աջակցություն է նախապատրաստում՝ փախստականների հոսքերի մեծացմամբ պայմանավորված ֆինանսավորման կարիքները հոգալու համար։

Պատերազմի հետևանքով նավթի գների կտրուկ աճը ևս ընդգծում է էներգաանվտանգության անհրաժեշտությունը՝ խթանելով վերականգնվող աղբյուրներից էներգամատակարարումը և էներգախնայողության լայնամասշտաբ միջոցառումների նախագծման և իրականացման արագ ընթացքի ապահովումը։

Ավելի վաղ Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանում կանխատեսել էր 4,8% տնտեսական աճ։