«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հավաստիացրել է, որ արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա ու չի կարող լինել։
Մեկնաբանելով Արցախի խորհրդարանի ապրիլի 14-ի հայտարարությունը` Աղաջանյանը ենթադրել է, որ արցախցի գործընկերներն ամբողջությամբ չեն հասկացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում հնչեցրած ելույթի բովանդակությունը, գրում է Sputnik Արմենիան։
Նա վստահեցրել է, որ այս գործընթացի շահառուն հենց Արցախի ժողովուրդն է։ Պատգամավորը հայտարարել է, որ ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու դրանց իրացմանը։
Աղաջանյանը նաև մեկնաբանել է վարչապետի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների իրացման «հակառակ» տրամաբանությանը։
«Առաջարկվում էր հարցին նայել արցախցիների իրավունքների իրացման տեսակետից, հետո նոր կարգավիճակի։ Այս հարցում ՀՀ-ն իր պաշտոնական դիրքորոշումները չի փոխել, այսինքն` ՀՀ–ի համար մշտապես արցախյան հիմնախնդիրը տարածքային վեճ չի եղել, եղել է արցախահայության` իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքի իրացման խնդիր։ Մեզ համար Արցախի կարգավիճակը մշտապես եղել է միջոց այս իրավունքներն իրացնելու համար»,– ասել է Աղաջանյանը։
Նա կրկին շեշտել է, որ ՀՀ դիրքորոշումն այս հարցի նկատմամբ մշտապես եղել է անփոփոխ։
Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել՝ պահանջելով ՀՀ իշխանությունից հրաժարվել իր որդեգրած ներկայիս աղետալի դիրքորոշումից։ Հայտարարությունն ընդունվել է միաձայն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով 2021թ․ կատարողականի հաշվետվությունը, հայտարարել է, որ միջազգային հանրությունը հայկական կողմին ասում է՝ «մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ «Հակառակ դեպքում, նրանք խնդրում են իրենց վրա հույս չդնել՝ ոչ թե չեն ցանկանում օգնել, այլ այն պատճառով, որ չեն կարող»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, «որքան հնարավոր է արագ, հայկական կողմի պլաններում է»՝ հավելելով, որ սակայն, որ պատրանքներ այս հարցում չկան։