«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը շարժվում է դեպի միջազգային չափանիշներին համապատասխանող ֆինանսական մոդելի իրագործումը: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, «ՀԿԵ» ՓԲԸ ֆինանսական գործունեությունը գնահատվել է միջազգային աուդիտորական ընկերության կողմից, ինչը թույլ է տվել մշակել հիմնական առաջնությունները միջազգային չափանիշներին համապատասխանող ֆինանսական մոդելի ձեւավորման ճանապարհին:
Այսօրվա դրությամբ ընկերության կողմից ակտիվորեն վերականգնվում է երկաթուղու ինֆրակառույցը: 2009թ. համար ծրագրի շրջանակներում ընկերությունը ծրագրում է վերականգնել 125 կմ ճանապարհի, որից 45 կմ ենթակա է կապիտալ վերանորոգման:
Ակտիվ աշխատանք է տարվում նաեւ շարժական կազմի վերականգնման եւ ձեռքբերման հարցով: Արդեն կապիտալ վերանորոգվել եւ ընդունվել է 7 լոկոմոտիվ, 16-ը վերանորոգման կարիք ունեն: 2009թ. ծրագրվում է Գյումրու լոկոմոտիվային դեպոյի վերականգնման համար հետազոտությունների անցկացում: 2009թ. կսկսվեն Երեւանի լոկոմոտիվային դեպոյի վերականգնման աշխատանքները: 2008թ. գնվել էր 48 էլեկտրագնացք, ինչպես նաեւ վերականգնվել են նախկինում գործող էլեկտրագնացքները, որոնք գործադրված են 6 ուղղությամբ:
Հաղոդրագրության համաձայն, ընկերությունտ ամառային ուղեւորական փոխադրումների նախապատրաստման աշխատանք է կատարում, վերանորոգվում են կայարանները, անցկացվում են սանիտարական օրեր, ներմուծվում են տեղեկատվական տեխնոլոգիաներ, դիտարկվում են վագոնակայանի արդյունավետ օգտագործման մոդելները:
«ՀԿԵ» ՓԲԸ «Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ-ի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն փոխանցվել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի: Պայմանագրի ժամկետը 30 տարի է` 10 տարով այն երկարացնելու իրավունքով: