AM
13 May 2022 - 14:15 AMT

Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան․ Նոր համակարգ կներդրվի

Առաջիկայում սոցիալական նշանակության նոր համակարգի ներդրմամբ՝ բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան։ Կառավարության նիստում նոր համակարգի ներդրմանն է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ կառավարության նիստում այն մանրամասն կքննարկենք: Առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը՝ հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառենք զեղչեր: Եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որն ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի շնորհիվ կկարողանանք արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է նաև, թե ինչպես է համակարգը աշխատելու։

«Այստեղ պետության և մասնավորի համագործակցության շատ կարևոր օրինակ է, որովհետև այդ զեղչերը, ինչքան որ կսահմանվեն, հույս ունենք, որ կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի և արդեն մասնավորի կողմից»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա բարդ ծրագիր է, ունի ծրագրային ապահովման անհրաժեշտություն, տվյալների վերլուծության անհրաժեշտություն:

«Գիտեք, եթե ըստ էության շատ ուղիղ ասենք, խոսքը թոշակները 10 տոկոսով բարձարցնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով: Սա մոտավորապես այն նույն մոդելն է, որը մենք իրականացնում ենք ուսուցիչների աշխատավարձի բարձրացման դեպքում: Այսինքն՝ մենք մի փոքր այլ մեխանիզմ ենք փորձում ներդնել, որը նաև մեզ տվյալներ է տալու: Այդ տվյալների մշակման արդյունքում մենք կարողանալու ենք ավելի վիզուալ պատկեր ունենալ մեր կողմից վարվող սոցիալական քաղաքականության արդյունավետության մասին, անհրաժեշտության դեպքում նաև կարող ենք սրբագրումներ մտցնել մեր սոցիալական քաղաքականության մեջ: Հույս ունենք, որ գործնականում հունիսի կեսերից այս համակարգն արդեն լիարժեք՝ քարտերով, բանկային համակարգով և առևտրային ցանցերով կսկսի գործել»,-ասել է Փաշինյանը։