Հուլիսի 1-ից կենսաթոշակառուները և նպաստառուները հետ կստանան քարտով կատարած վճարումների 10%-ը՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից։ Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Հետվճարի գումարը, սակայն, չի կարող գերազանցել 5000 դրամը, անկախ կատարված գործարքների գումարից:
Հետվաճարը տարածվելու է նաև կոմունալների վճարի վրա։ Դեռևս հայտնի չէ այն բանկերի ցանկը, որոնք միանալու են ծրագրին։ Մկրտչյանն ասել է, որ ցանկը կհրապարակվի մինչև հունիսի 1-ը։ Այն քաղաքացիները, որոնց քարտերը սպասարկող բանկերը չկան ցանկում, կարող են դիմել և փոխել քարտը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ ծրագիրը փորձնական է, այն 6 ամիս կգործի։
«Կվերլուծենք, կհասկանանք, թե ինչ թերություններ կան, որ հընթացս ավելի լավարկենք»,-ասել է նա։
Նիստում նշվել է, որ թոշակառուները չպետք է քարտից հանեն գումարը՝ հանելուց և կրկին մուտքագրելուց հետո ծրագիրը չի աշխատի:
Այն նպաստառուները, որոնք կորոշեն անկանխիկ ստացման անցնել և կդիմեն նպաստը կանխիկից անկանխիկ անցնելու, նույնպես կօգտվեն արտոնությունից:
Հետվճարը ձևավորվելու է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-5% համամասնությամբ: