AM
1 June 2022 - 14:13 AMT

Սանոսյանը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի մասին․ Կան գրունտային խնդիրներ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, ինչո՞ւ է Տաթև-Աղվանի ճանապարհը կարճ ժամանակում քանդվել, ասել է, որ ճանապարհի մի հատվածը, որն ավելի վաղ էր սկսվել կառուցվել, նախատեսված չէր բեռնատարների համար։

Նա հավելել է, որ նախագծային որոշակի խնդիրներ կան, գրում է «Առավոտը»։

«Նախագծային որոշակի խնդիրներ կան, բայց կառուցման ժամանակ էլ տեսնում էինք, որ կարող են այսպիսի խնդիրներ լիներ, այսքան չէինք կանխատեսում: Ամբողջ ձորակում, որտեղ ճանապարհն անցնում է, կան գրունտային խնդիրներ»:

2021-ի վերջում շահագործման հանձնված Տաթեւ-Աղվանի-Կապան 43 կիլոմետրանոց ավտոճանապարհի, մասնավորապես Նորաշենիկ-Կապան հատվածի որոշ մասեր 2022-ի սկզբին արդեն քարուքանդ վիճակում էր։ Ճանապարհային դեպարտամենտի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետն այն ժամանակ հայտարարել էր, որ հիմքի հետ խնդիրներ կան և սպասում են եղանակային բարենպաստ պայմանների, որպեսզի հիմքը քանդվի՝ հասկանալու համար ջրահեռացման աշխատանքների համար ինչ լուծում կարելի է գտնել։