AM
2 June 2022 - 07:15 AMT

ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածի շինաշխատանքներին

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենը, բանկի ներկայացուցիչներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ, այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, դիտարկել ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ վերակառուցվող Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։

Շինարարական աշխատանքներն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, տեխնիկական հսկողություն կատարող «ԱյԱրԴի Ինջինիերինգ» կազմակերպության ներկայացուցիչները մանրամասն ծանոթացել են աշխատանքներին։

Ավետիսյանը նշել է, որ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի երկարությունը 18.7 կմ է, որտեղ իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս տարի, մասնավորապես, մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ տեղադրվել է մոտ 6 կմ շերտ ասֆալտբետոնե ծածկ։

Ավետիսյանը նկատել է, որ ԱԶԲ աջակցությամբ վերակառուցվում է նաև Տրանշ-2-ը՝ Աշտարակ-Թալին հատվածը՝ մոտ 42 կմ երկարությամբ։

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ (կմ 29+600-կմ 37+545) հատվածի շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը կավարտվի 2022թ․ հունիսին: Մրցույթի արդյունքներով կապալառուի հետ կկնքվի շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր: 34 կմ հատվածի (կմ 37+545-կմ 71+500) շինարարության մրցութային գործընթացն ակնկալվում է ավարտել 2022 թվականի 3-րդ եռամսյակում։

Ավետիսյանն ընդգծել է, որ ամենօրյա հսկողություն է կատարվում ինչպես տեխհսկողի, այնպես էլ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների կողմից, և հայտնաբերված ցանկացած շեղում նախագծից անմիջապես շտկվում է։

Շինարարության տեխհսկողությունն իրականացնող «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության թիմի ղեկավար Պոլ Կլարկը, անդրադառնալով տեղադրվող ասֆալտի որակին, նշել է, որ օգտագործվող նյութերը որակյալ են, դրանք հաստատվում են նախագծին համապատասխան։

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նկատել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը շատ կարևոր ծրագիր է։ Այն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեծ ներուժ ունի, և ինքն ուրախ է տեսնել աշխատանքների առաջընթացը Թալին-Լանջիկ հատվածում։