2022-ի հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև 300,000 դրամը գերազանցող բոլոր գործարքները կիրականացվեն միայն անկանխիկ եղանակով։ Կառավարությունը հաստատել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է ուշադիր լինել, քանի որ հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առուվաճառք այլևս կանխիկ դրամով չի իրականացվի։ Նա նշել է, որ հակառակ դեպքում՝ հետագայում այդ գործարքը կարող է առոչինչ ճանաչվել։
«Դրույթ է լինելու, ըստ որի՝ եթե հանկարծ որևէ պարագում կանխիկ վճարումով լինի գործարքը, անկանխիկ փոխանցում չգրանցվի, դա կարող է հետագայում գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ։ Այնպես որ, խնդրում եմ՝ ուշադիր լինել», – ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ կանխիկ գործարքների շրջանառության կրճատումը կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է։
Փաշինյանն ասել է նաև, որ պետք չէ մտածել, թե սրանով կառավարությունը ուզում է մարդկանց կյանքը բարդացնել։
«Հակառակը՝ ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել», – ասել է Փաշինյանը։
Ըստ կառավարության որոշման, հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս անկանխիկ գործարքների հանրագումարից կստանան 10% հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ: