AM
2 June 2022 - 09:39 AMT

3 բանկ է միացել կենսաթոշակառուների անկանխիկ գործարքների դեպքում քեշբեքի ծրագրին

ՀՀ 3 բանկ է միացել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ծրագրին։ Այդ մասին գործադիրի նիստում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Անկանխիկ՝ բանկային քարտով առևտուր անելու դեպքում թոշակառուն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանա գնման 10 տոկոսի չափով հետվճար, որը, սակայն, չի կարող գերազանցել 5000 դրամը։

Ծրագրին միացել են Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը և ՎՏԲ բանկը։

Հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություն մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, 10 տոկոսի չափով հետվճարը կստանան հաջորդ ամիս՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:

Նախարարը տեղեկացրել է, որ 560,000 թոշակառուից արդեն 390,000-ը բանկային քարտերով է թոշակ ստանում, սակայն 80,000 նպաստառուից դեռևս 1000-ն է այդ եղանակն օգտագործում։

Ըստ նրա, ծրագիրը կխթանի, որ նպաստն անկանխիկ ստացողների թիվն ավելանա։

Ըստ կառավարության որոշման, հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս անկանխիկ գործարքների հանրագումարից կստանան 10% հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ: