AM
8 June 2022 - 06:25 AMT

Wildberries-ը գործարքները կիրականացնի դրամով

Wildberries առցանց հարթակն իր նոր ֆինանսական քաղաքականության շրջանակում միջազգային գործընկերների հետ գործարքներում անցել է ազգային արժույթների, այդ թվում՝ դրամի։

«Wildberries առցանց հարթակը միջազգային ներկայացուցիչների հետ գործարքներում անցել է ազգային արժույթով հաշվարկների։ Բելառուսի գործարարներին փոխանցումներն իրականացվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանի գործարարներին` տենգեով, Հայաստանին` դրամով, Ղրղզստանին` սոմով, Ուզբեկստանին` սումով»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին ընկերության մամուլի ծառայության վրա հղումով։

Նշվում է, որ ֆինանսական նոր քաղաքականությունը տարածվում է ինչպես վաճառողների, այնպես էլ պատվերների տրամադրման գործընկերային կետերի և գործընկերային տեսակավորման կենտրոնների սեփականատերերի վրա։

Wildberries-ը միջազգային առցանց հարթակ է, որտեղ տարբեր երկրների գործարարները վաճառում են իրենց ապրանքները և ծառայություններ տրամադրում գնորդներին և բիզնեսին։ Wildberries-ն իր առաջին լոգիստիկ կենտրոնն է բացել Հայաստանում։