AM
10 June 2022 - 13:04 AMT

Առաջարկ. Նվազեցնել ԱՊՊԱ չունենալու համար տուգանքները

Առաջարկվում է նվազեցնել առանց ԱՊՊԱ պայմանագիր ավտոմեքենա վարելու համար սահմանված տուգանքները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նախագծի համահեղինակ Արմեն Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է` եթե վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահից 48 ժամվա ընթացքում իրավախախտը վերացնում է խախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին ներկայացնում է համապատասխան ապացույց։

Հարկավոր է ներկայացնել տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր:

Խաչատրյանը տեղեկացրել է, որ կառավարությունն առաջարկել է 48 ժամը դարձնել 24 ժամ, ինչը հեղինակներն ընդունել են:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նախագիծը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը և Լիլիթ Կիրակոսյանը։