AM
2 July 2002 - 13:50 AMT

եՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԽՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Եվրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը համախոհ է պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Այդ մասին, ըստ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի արդյունքների, տեղեկացրել է հայկական պատվիրակության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` հայկական կողմը ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերի հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում ներկայացրել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ: Հովհաննիսյանն ընդգծել է, որ Պիտեր Շիդերը համախոհ է հայկական կողմի դիրքորոշմանն այդ հարցում եւ իր աջակցությունն է խոստացել Հարավային Կովկասում խաղաղության ձեռքբերման եւ կայունացման հարցում: Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում հայ պատգամավորները հանդիպել են նաեւ այդ կազմակերպության քարտուղար Բրունո Հալլերի հետ: Հայկական կողմը քարտուղարին հայտնել է իր մտահոգությունը` ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության գործունեության մեթոդների կապակցությամբ: Հայկական պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին Պիտեր Շիդերը եւ Բրունո Հալլերը կայցելեն Հայաստան` տարածաշրջանային այցի շրջանակներում: Իսկ հուլիսի 9-ին Երեւան կժամանի Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը, որը մտադիր է քննարկել երկրի ղեկավարության հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը եւ Եվրախորհուրդ-Հայաստան համագործակցության հեռանկարները:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: