Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով կուտակումներին Վերին Լարսի անցակետում, ասել է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների ձեռքբերումն է, որ այսօր Լարսի անցակետն օրական հատում է 250 հայկական բեռնատար՝ նախկին 130-ի փոխարեն։
«Լարսը բաց է, բեռանատարներն անցնում են անցակետով և վերջին 1.5 ամսվա կատարած աշխատանքի արդյունքում մենք կարողացել ենք հասնել նրան, որ անցակետի թողունակությունն էապես մեծացել է»,- ասել է նա ճեպազրույցում, տեղեկացնում է Panorama.am-ը։
Քերոբյանն ընդունել է, որ խնդիրը լրիվ լուծված չէ և ներկայում ՀՀ կառավարությունն աշխատում է արագ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաների առաջնային անցման խնդրի լուծման ուղղությամբ:
Նախարարը հույս է հայտնել, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում Լարսի անցակետում հերթերն ամբողջությամբ կվերանան:
Անդրադառնալով Փոթի նավահանգստից լաստանավի գործարկման հարցին՝ Քերոբյանն ասել է. «Երեկ էլ խոսել եմ իմ վրացի գործընկեների հետ և մեք վերջնական կետին մոտ ենք և մոտակա օրերին լաստանավի խնդիրն իր վերջնական լուծումը կստանա, եթե չէ՝ «Պլան-Բ»-ին կանցնենք, Բաթումի նավահանգստի միջոցով այդ նույն գործողությունն կանենք»։
Նրա խոսքով՝ լաստանավային ծառայություն մատուցող հոլանդական ընկերությունը միացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, դրա համար էլ որոշումը ձգձգվում է, այլապես այն մի քանի րոպեի խնդիր կլիներ:
Նա ասել է, որ այն կառավարության գերխնդիրն է, քանի որ համարում է, որ Հայաստանը պետք է ունենա լավ կապվածություն աշխարհի հետ:
«Լավ տարբերակը Փոթի նավահանգիստն է, բայց հույս ունենք, որ երկու տարբերակներից մեկը, այնուամենայնիվ, կլինի»,-հայտարարել է Քերոբյանը:
Պատասխանելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճանապարհները բացելու վերաբերյալ հարցին՝ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ իրենց խնդիրը Հայաստանը փակուղուց խաչմերուկի վերածելն է:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ-Վրաստան սահմանի Վերին Լարս անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Օրական թողունակության պահանջարկը գերազանցված է 2-3 անգամ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիա գծով գլխավոր վարչությունը։
Ուկրաինայում պատերազմի պատճառով զգալիորեն աճել է Վրաստանի տարանցիկ միջանցքի ծանրաբեռնվածությունը։ Մաքսակետերը չեն հասցնում ժամանակին մշակել բեռնափոխադրումների հոսքերը, չնայած աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Երբեմն բեռնատարները ստիպված են լինում մինչև մեկ ամիս սպասել անցակետում։