AM
9 April 2009 - 11:34 AMT

ՍԾՏՀ երկրներն իրենց փորձը կփոխանակեն բանկային եւ ֆինանսական ոլորտներում

Ապրիլի 9-10 Երեւանում ընթանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ՍԾՏՀ բանկային եւ ֆինանսական հարցերի աշխատանքային խմբի հերթական նիստը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, այս նիստն անցնում է 2008-2009թթ. ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, երկրի կառավարության կողմից հաստատված ժամանակացույցով:

Ըստ հաղորդագրության, նիստում, մասնավորապես, կքննարկվեն ՍԾՏՀ մասնակից երկրների բանկային եւ ֆինանսական ոլորտների վերջին զարգացումները, ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հնարավոր ուղիները եւ այդ կապակցությամբ մասնակից երկրների կողմից իրականացվող միջոցառումներն, ինչպես նաեւ կարգավորման եւ հսկողության առումով իրականացվող քաղաքականությունը:

Աշխատանքային խմբի նիստին ՍԾՏՀ անդամ 12 երկրներից կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Սերբիայի, Վրաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները: