AM
14 July 2022 - 12:57 AMT

Երթևեկության տեսալուսանկարահանման գործառույթը «Սեքյուրիթի Դրիմից» կանցնի ոստիկանությանը

Երթևեկության տեսալուսանկարահան գործառույթն այսուհետ կիրականացվի ոստիկանության կողմից։ Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պայմանականորեն ասած «Սեքյուրիթի Դրիմի» դարաշրջանն այսպիսով ավարտվում է, իսկ գործառույթը դառնում է լիարժեք պետական։

Նա նշել է, որ այդ կարգավորման գլխավոր նպատակը տեսախցիկների պարունակությունը որոշ ժամանակ պարտադիր պահպանելն է։

Այդ կառույցի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է հանցագործությունների և վարչական իրավախախտումների նկատմամբ վերահսկողության համակարգերի առավել արդյունավետ կառավարման, ֆինանսական միջոցների առավել նպատակային և ողջամիտ օգտագործման կարևորությամբ։ Հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքները, ինչպես սահմանված է նախագծով, օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։

«Սեքյուրիթի Դրիմը», ըստ ոստիկանության ներկայացրած տվյալի, տարեկան ստացել է աշխատավարձերի փոխհատուցում 1.5 միլիարդ դրամի չափով, ծրագրային ու տեխնիկական ապահովման փոխհատուցում՝ 825 միլիոն դրամի չափով։