Կառավարության պահուստային ֆոնդից 11 մլրդ 809 մլն դրամ կհատկացվի ճանապարհների հիմնանորոգմանը։ Գործադիրը հավանություն է տվել որոշմանը։
Միջոցները կհատկացվեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ճանապարհի մի հատվածի, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի մի հատվածի վերանորոգման համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է որակի հետ կապված խնդիրների մասին։ Նա նաև կարծիք է հայտնել, որ ճանապարհային կշեռքների համակարգ է պետք ունենալ, քանի որ սահմանվածից ավելի քաշով մեքենաները վնասում են ասֆալտը, խնդիրներ ստեղծում երթևեկության համար։
Փաշինյանը նշել է, որ խնդիրն առավել ակնհայտ է հանքարդյունաբերական օբյեկտների հետ կապող ճանապարհներին։
Կառավարությանն առընթեր տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տնօրեն Արթուր Ասոյանն իր հերթին տեղեկացրել է, որ գերբեռնված երթևեկության 60 դեպք է բացահայտվել 2022-ին։
Նա հավելել է, որ այս պահին առկա է 2 ստատիկ և 1 շարժական կշեռք։ Ստատիկ կշեռքները, նրա խոսքով, առաջիկայում կտեղակայվեն Սիսիանի ու Աշտարակի հատվածներում, իսկ շարժականի տեղը պարբերաբար փոխվում է։