AM
15 July 2022 - 14:46 AMT

Վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ փոխգործակցության խորացման հարցեր է քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը փոխգործակցության խորացման հարցեր է քննարկել։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում գործակցության շուրջ:

Փաշինյանը կարևորել է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում փոխգործակցությունը, նաև բարձր գնահատել ռուսական կողմի ջանքերն ու օպերատիվ արձագանքը Վերին Լարսի անցակետում առաջացող ճգնաժամային իրավիճակների կարգավորման ուղղությամբ:

Սավելևը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները և արդյունավետ գնահատել ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ աշխատանքը: Նա նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ բարեկամական, եղբայրական գործընկերությունն ու փոխշահավետ ծրագրերը:

Անդրադարձ է եղել ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքին, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքն այս ուղղություններով: Նշվել է, որ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը կնպաստի երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճին, կակտիվացնի տնտեսական շփումները, զբոսաշրջային կապերը: