AM
22 July 2022 - 08:12 AMT

Վարչապետի մոտ քննարկվել են խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու լուծման ուղիները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Ընդգծվել է, որ կառավարությունն առաջիկայում նախատեսում է հանդես գալ արտահանման գործընթացում տուրքերի վճարների օպտիմալացման նախաձեռնությամբ:

Զեկուցվել է, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում շշալցված կոնյակի արտահանման ծավալները շարունակաբար աճել են: Նման միտում է առկա նաև խաղողի գինու դեպքում: Վերջինիս սպառման ծավալներն աճում են նաև հանրապետության տարածքում:

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել այս տարի ակնկալվող բերքի ծավալներին, մթերման գործընթացի կազմակերպմանը, գյուղացիական տնտեսությունների և ընկերությունների հետ տարվող աշխատանքների ընթացքին:

Նշվել է, որ արդեն իսկ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում արտադրողների և մթերողների միջև կնքվել է մոտ 97,000 տոննա խաղողի մթերման պայմանագիր, գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Կարևորվել է հնարավոր խնդիրների լուծման ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանքների իրականացումը և կառավարության գործիքակազմերի շրջանակում մթերող ընկերություններին օժանդակության ցուցաբերումը՝ արտահանման ծավալների ավելացման նպատակով:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է շշալցված կոնյակի և գինիների արտահանման ծավալների հետևողական ավելացումն ու նշել, որ գործադիրը շարունակելու է հարցը պահել ուշադրության կենտրոնում: