AM
10 April 2009 - 15:16 AMT

Հայաստանը ճգնաժամից դուրս կգա նվազագույն կորուստներով

Ամբողջ աշխարհի երկրները պետք է միավորվեն, որպեսզի հաղթահարեն գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը: «Ներկայիս համաշխարհային ճգնաժամը նախկինի համեմատությամբ գլոբալ բնույթ ունի, քանի որ այն շոշափել է բոլոր երկրները, ուստի կարող է հաղթահարվել բոլոր երկրների ջանքերով»,- «Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» համաժողովին լրագրողներին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը: Ինչպես նա ասել է, Լոնդոնում տեղի ունեցող G-20 գագաթաժողովին ճգնաժամի հաղթահարման համար որոշվեց 1 տրլ ԱՄՆ դոլարի գումարը, կատարվեցին լավատեսական կանխատեսումներ, որ համաշխարհային ճգնաժամը կհաղթահարվի արդեն 2010թ.:Ֆինանսների նախկին նախարարի խոսքով, համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել բոլոր երկրների վրա, բայց ոչ մեկ մակարդակով եւ ոչ միօրինակ կերպով, քանի որ դա կապված է երկրի զարգացման մակարդակի եւ միջազգային հասարակության մեջ նրա ինտեգրվածության աստիճանի հետ: «Հայաստանն արդեն վերապրել է շոկի առաջին փուլը, քանի որ երկրի ֆինանսական համակարգը բավականաչափ ինտերգված չէ համաշխարհային ֆինանսական համակարգի մեջ»,- ասել է նա:

Միջին եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով ՄՏՖ վարչության տնօրեն Մասուդ Ահմեդն իր հերթին նշել է, որ 2009թ. ամբողջ աշխարհի համար ամենադժվարն է լինելու: «ՄՏՖ ամբողջ աշխարհում կանխատեսում է տնտեսական ակտիվության անկում 0,5-1%-ով, իսկ արդյունաբերական երկրներում` 3-3,5%-ով»,- ասել է նա: Այդ ենթատեքստում Մասուդ Ահմեդը նշել է, որ դա ամենավատ կանխատեսումն է, որը կատարել է ՄՏՖ իր ստեղծման օրից ի վեր, եւ 30-ական թվականների դեպրեսիայից ու Երկրորդ աշխարհամարտից հետո: ՄՏՖ կանխատեսմամբ 2010թ. սպասվում է համաշխարհային տնտեսության կայունացում, միեւնույն ժամանակ զարգացած երկրներում աճ չի լինելու: Իր զեկույցի շրջանակներում Միջին եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով ՄՏՖ վարչության տնօրենը ներկայացրել է համաշխարհային ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ իր խորհրդատվությունները Հայաստանին եւ տարածաշրջանի երկրներին: Ֆինանսական քաղաքականության մեջ կարեւոր է ազատ դրամի քաղաքականության իրականացումը, ինչը եւ ձեռնարկեց Հայաստանի Կենտրոնական բանկը, ինչպես նաեւ բանկային հսկողության խստացումը: «Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է պատրաստ լինել զարգացման առավել վատ տարբերակին եւ համաշխարհային ճգնաժամի հաղթահարման համար «Պահեստային ծրագիր» մշակել»,- ավելացրել է Մասուդ Ահմեդը:

Ներկայացնելով բանկային համակարգի ձեռքբերումները` Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի բանկային եւ ֆինանսական համակարգում բարենպաստ ու կայուն դրություն է ստեղծվել: «Սկսած 2006թ.-ից ավելացվում էին միջազգային կազմակերպությունների հատկացրած վարկերը, 2007-2008թթ. նկատվել է կորպորատիվ պարտատոմսերի տեղակայման աճ, իսկ 2009թ. մենք իրագործել ենք առաջին IPO»,- ասել է Գաբրիելյանը: Նրա խոսքով, Հայաստանի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը տեղի ունեցավ տնտեսության իրական սեկտորի միջոցով. արտահանման կտրուկ անկում, մասնավորապես, մետալուրգիական ոլորտում, բացասական սպասումների արդյունքում ներդրումների կրճատում, փոխադրումների կրճատում` այդ ամենը հանգեցրեց դոլարիզացման ուժեղացմանը, որը Հայաստանում այսօր կազմում է 73%: Ինչպես ասել է ԿԲ նախագահի տեղակալը, կոմբանկերը մեծ կորուստներ կրեցին դրամի ուղղումների պատճառով, բայց, նրա կարծիքով, նրանք ի վիճակի են փոխահտուցել այդ կորուստները: «Ներկա դրությամբ ոչ մի բանկ խնդիր չունի իրականացման եւ լիկվիդայնության առումով»,- ասել է նա:

Վաչե Գաբրիելյանն ասել է, որ ԿԲ ընդլայնված դրամա-վարկային քաղաքականություն է վարում, չնայած որոշակի ինֆլյացիոն ճնշումներին, եւ ամեն կերպ աջակցում է երկրի բանկերին:

Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է տեղական արտադրողին աջակցելու ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի կարեւորությունը, մասնավորապես, օպերատիվ շտաբի ընդունած որոշումը կառուցում նախաձեռնողներին 20 մլրդ դրամի չափով պետական երաշխիք հատկացնելու մասին: «Ստեղծված պայմաններում Հայաստանի կառավարությունը պետք է ոչ սովորական որոշումներ ընդունի, երկրի օրենսդրության մեջ իրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ, առավել եւս, որ սկսած 2009թ. հունվարից արդեն քայլեր են կատարվել, որոնք կօգնեն հիմք դառնալու 2010թ. դրության բարելավման համար»,- ասել է նա: Արսեն Ղազարյանն ավելացրել է, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել առողջ մրցակցության եւ արտասահմանյան ներդրումները մեր երկիր գրավելու համար: «Հայաստանը որոշակի փորձ ունի, եւ եթե մենք դուրս ենք եկել 90-ական թթ. դրությունից, ապա այս ճգնաժամից դուրս կգանք նվազագույն կորուստներով»,- հայտնել է Ղազարյանը: