AM
5 September 2022 - 10:44 AMT

ՊԵԿ փոխնախագահն ու Կապանում Իրանի հյուպատոսը քննարկվել են բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու մեխանիզմները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի և Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի միջև տեղի ունեցած հանդիպմանը կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։

Քննարկվել են նաև բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները:

Հայկական կողմը վստահեցրել է, որ Հայաստանի և Իրանի միջև գործակցության զարգացմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում:

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև սերտ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝ պատրաստակամություն հայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ հետագա փոխգործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հարավային մաքսատուն-վարչության պետ Արտաշես Ղամբարյանը և Իրանի Ատրպատականի շրջանի մաքսային մարմնի ղեկավարը։ ‌