AM
5 September 2022 - 13:13 AMT

Լեռնագոգում գործարկվում է պողպատի ձուլման գործարանը

«Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Մասուդ Մոհարամին հայտարարել է, որ 35 տարվա անգործությունից հետո գործարկում են Լեռնագոգի պողպատի ձուլման գործարանը և նախնական շրջանում նախատեսում ենք արտադրել պողպատի ձուլակտորներ, ամրաններ, մետաղալարեր և գլոցուկ (կատանկա)։

Տնօրենի խոսքով՝ գործարանում առաջին փուլում արտադրվելու են 6 կամ 12 մետր երկարությամբ, 15 սմ լայնության և 15 սմ հաստության պողպատի ձուլակտորներ, գրում է Panorama.am-ը։

«Այն կգործարկվի երկու փուլով, առաջին փուլում կլինի ձուլարանը և կգործի տարեկան 25 հազար տոննա հզորությամբ վառարանը, իսկ երկրորդ փուլում՝ 60 հազար տոննա հզորությամբ երկրորդ վառարանը»,-տեղեկացրել է «Քարակերտի քարաձուլման գործարանի» տնօրենը։

Նա հավելել է, որ երկրորդ փուլում նախատեսվում է արտադրել ամրաններ մետաղալարեր և գլոցուկ (կատանկա), վերջինս այս պահին չի արտադրվում Հայաստանում և այն ստրատեգիական նշանակություն ունի մետաղի շուկայի համար:

Մասուդ Մոհարամին հայտնել է, որ գործարանի հզորությունը տարեկան կազմելու է 200,000 տոննայի մետաղական պրոֆիլներ և ձուլակտորներ:

«Քարակերտի քարաձուլման գործարանում» այս պահին աշխատում է 110 հոգի, որից 80-ը Հայաստանի քաղաքացիներ են, իսկ 30-ը Իրանից ժամանած հատուկ մասնագետներ: Աշխատակիցները հիմնականում Լեռնագոգ և հարկից Դալարիկ գյուղերից են:

Գործարանի տնօրենի տեղեկացմամբ՝ առաջին փուլի շահագործումը սկսելուց հետո 150 աշխատատեղ է լինելու, իսկ երկրորդ փուլում ավելանալու է ևս 250-ը և արդյունքում գործարանը մոտ 400 աշխատող է ունենալու:

«Մեր նպատակն այն է, որ օգտագործենք այն մետաղի ջարդոնն, որն առկա է Հայաստանում և չի օգտագործվում: Պողպատի արտադրության ոլորտը համարվում է արդյունաբերության առանցքային ոլորտներից մեկը»,-ասել է իրանցի գործարարը: ‌