ՀՀ ամբողջ տարածքում խստացվել է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ:
Օգոստոսի 10-ից մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ:
Oգոստոս ամսվա 20 օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության ընթացքում առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան քաղաք մտնող 6 մայրուղիներում (Աբովյան-Երևան, Աշտարակ-Երևան, Էջմիածին-Երևան, Արարատ-Երևան, Զովունի-Երևան և Ջրվեժի խճուղիներ) կանգնեցվել և ստուգվել է մոտ 4500 մեքենա, ինչի արդյունքում կազմվել է 25 արձանագրություն, կասեցվել է մոտ 7000 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց: Գյուղատնտեսական շուկաներ մուտք գործած տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել է 17 արձանագրություն, կասեցվել մոտ 4700 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց: Գյուղատնտեսական շուկաների մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 2 արձանագրություն և կասեցվել մոտ 150 կգ մսեղիքի վաճառքը: Այս պահին իրականացվում է 44 վարչական վարույթ:
Սեպտեմբերի 5-ից, խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել հանրապետության ամբողջ տարածքում գործող միս-մսեղիքի իրացման ցանցում:
Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 48 կազմակերպություն, որոնցից 14 ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 521 կգ մսի վաճառքը:
Տեսչական մարմինը զգուշացնում է, որ գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով: