AM
6 September 2022 - 11:34 AMT

Խաչատրյան. 2022-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտների աճը նախատեսվածից բարձր է եղել

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը 2022 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկման ընթացքում, ներկայացնելով տնտեսական ակտիվության ցուցանիշները, նշվել է, որ արձանագրվել է 11 տոկոս ՀՆԱ աճ:

Նա նշել է նաև, որ 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների աճը նախատեսվածից բարձր է եղել. 6 ամսվա արդյունքներով գրանցվել է 17-18 տոկոս անվանական աճ:

Նախարարը նշել է, որ կառավարությունըւ գործում է բարձր անորոշությունների պայմաններում և հաճախ ստիպված են լինում իրավիճակից պահանջվող որոշումներ կայացնել: Այսինքն՝ կառավարությունը փորձում է արձագանքել ընթացիկ հարցերին և տվյալ իրավիճակում պահանջվող լուծումներ գտնել՝ տնտեսական ակտիվությունը բավարար բարձր պահելու համար:

Խաչատրյանը նշել է, որ 6 ամսվա ընթացքում 38․7 տոկոս ակտիվություն է արձանագրվել ֆինանսական և ապահովագրական գործունեության բնագավառում, տեղեկատվության և կապի բնագավառում՝ 27․2 տոկոս: 29 տոկոսով աճել է կացության և հանրային սննդի կազմակերպությունների և 43․2 տոկոսով տրանսպորտային ծառայությունների բնագավառի տնտեսական ակտիվությունը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ ունեցել ենք նաև արդյունաբերության աճ, որը հիմնականում պայմանավորված է եղել մշակվող արդյունաբերության 15․1 տոկոս տնտեսական ակտիվությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշները գյուղատնտեսության բնագավառում նվազել են 8․8 տոկոսով, իսկ անասնաբուծության բնագավառում՝ 3 տոկոսով: Շինարարության մեջ գրանցվել է 27․2 տոկոս աճ, առևտրում՝ 15.4 տոկոս աճ:

Անդրադառնալով սպառողական գներին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 12-ամսյա գնաճը կազմել է 10․3 տոկոս: Նրա դիտարկմամբ՝ հուլիս ամսվա արդյունքներով արձանագրվել է սպառողական գների նվազեցված ցուցանիշ:

2022 թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլն 55 մլրդ դրամ (9 մլրդ 932 մլն ԱՄՆ դոլար):

Քննարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ, որին մասնակցել են Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացուցիչներ ԿԲ-ից եւ ՊԵԿ-ից: