AM
6 Սեպտեմբեր 2022 - 14:30 AMT

ՀՀ նախագահն ու IBM-ի փոխնախագահը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին, որն արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ու Լեոն Սթոկը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորությունները, դրանց կիրառման ուղղությունները, ինչպես նաև այս ոլորտում Հայաստանի և միջազգային ընկերությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ Ձեզ նախագահական նստավայրում ընդունելու համար, մեզ համար պատիվ է, որ այսպիսի հնարավորություն ունենք գնահատել Ձեր աշխատանքը: Իրականում Ձեր նման մարդիկ ոգևորում են շատերիս»:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այսօրինակ մրցանակաբաշխությունները նաև լավ հնարավորություն են ընձեռում համաշխարհային ազդեցություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին այցելել Հայաստան, ծանոթանալ հայ գիտնականների հետ, որոշ առումով նաև նպաստում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Խորհրդային Հայաստանի ունեցած լավագույն ավանդույթների վերականգնմանը:

Դոկտոր Լեոն Ստոկը շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարձր գնահատանքի համար նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում և արժանանալ նման բարձր մրցանակի, որը շատ պարտավորեցնող է:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է IBM ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին:

Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է, որոնք ապահովում են IBM-ի ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական և անվտանգության համակարգերի գործունեությունը բիզնեսներում։ Նրա թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման և ստուգման հոսքեր և ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների IBM Z և Power համակարգերի, ինչպես նաև IBM Quantum համակարգերի նախագծման համար։