AM
14 April 2009 - 15:09 AMT

Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ առաջին ոչ պաշտոնական ԲարՔեմփ համաժողովը տեղի կունենա ապրիլի 17-19-ին Երեւանում

Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ բաց, ոչ պաշտոնական ԲարՔեմփ համաժողովը տեղի կունենա ապրիլի 17-19-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Ինչպես նշվում է ԲարՔեմփի պաշտոնական կայքում, համաժողովը կհավաքի ՏՏ մասնագետների, ձեռներեցների, ուսանողների, լրագրողների եւ բլոգերների, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքում օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաներ:

ԲարՔեմփը բաց, ոչ պաշտոնական, «առանց փողկապի» Տեղեկատվական Տեխնոլոգիաների, եւ հատկապես Համացանցի եւ Նոր Մեդիայի համաժողով է։ ԲարՔեմփի յուրահատկությունն այն է, որ յուրաքանչյուր ոք կարող է ոչ միայն որպես լսող հանդես գալ, այլ նաեւ «զեկուցող»: Շնորհանդեսը կվարեն իրենք մասնակիցները, չկան հատուկ հրավիրվածներ եւ պաշտոնական հյուրեր: Ի տարբերություն դասական համաժողովների, շնորհանդեսի ցուցակը նույնպես իրենք` մասնակիցներն են կազմում:

Որպես կանոն, ԲարՔեմփը կազմակերպում են կամավորները:

Նախատեսվում է, որ Երեւանում ԲարՔեմփին կմասնակցի ավելի քան 200 մարդ, այդ թվում նաեւ մի քանի տասնյակ միջազգային մասնագետներ: