AM
17 October 2022 - 09:22 AMT

Թունյան․ Այսուհետ կարելի է ցեմենտ ներկրել Իրանից կամ Վրաստանից 1 տ համար 2000 դրամ տուրքով

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2000 դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն):

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:

«Հիշեցնեմ, որ ներկրելուց առաջ հարկավոր է դիմել էկոնոմիկայի նախարարություն, ստանալ ներկրման լիցենզիա և վճարել տուրքը: Էկոնոմիկայի նախարությունը մաքսիմալ կարճ ժամանակահատվածում կկազմակերպի այդ գործընթացը:

Ցեմենտի շուկայի դեֆիցիտը, որը խնդիրներ է ստեղծել կառուցապատողների համար, այսպիսով, կկարգավորվի ներկրման շնորհիվ»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր Թունյանի և Հովիկ Աղազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում էր Հայաստան ներկրվող ցեմենտի համար գործող 14,000 դրամ պետական տուրքը նվազեցնել, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2000 դրամ տուրքն առհասարակ հանել:

2019 թ. տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով ներդրվել էր ներկրման տուրքի չափ՝ մրցակցությանը դիմանալու համար, սակայն այժմ, անգամ առանց տուրքի ներկրվող ցեմենտը շատ ավելի բարձր ինքնարժեք ունի, քան տեղականը, որն էլ առաջացրել է ցեմենտի պակասուրդ: ‌