Իրանի հեղափոխության պաշտպանության կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքպուրը հայտարարել է, որ Իրանում մեկնարկած զորավարժություններում հոկտեմբերի 19-ից կգործարկվեն նաև զրահատանկային ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ուժեր, ուղղաթիռներ և մարտական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է IRNA գործակալությունը։
Իրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Դրանք ստացել են «Հզոր Իրան» անվանումը։
Նա նաև ասել է, որ ԻՀՊԿ ցամաքային զորքերի մյուս ստորաբաժանումները զորավարժությունների տարածք են ուղևորվել հոկտեմբերի 18-ին։
Փաքպուրն ասել է նաև, որ վարժանքներում ներառված են պարաշյուտի հետ կապված գործողություններ, մարտական գործողություններ ուղղաթիռներով, ինչպես նաև մարտական դրոններով և հարվածային անօդաչուներով գործողություններ։
Զորավարժությունների ընթացքում ցուցադրվում է Իրանի հեղափոխության պաշտպանության կորպուսի նորագույն և ժամանակակից տեխնիկան։
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմaդ Փաքպուրն ավելի վաղ հայտարարել էր․ «Այս զորավարժությունների ուղերձը հարևան երկրների համար՝ խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիների համար՝ Իրանի սահմանների պաշտպանությունը և ցանկացած սպառնալիքի պատասխանելու պատրաստակամությունը»: