Մոտ երկու տարի հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելուց հետո Երևանում բացվել է առցանց խաղերի ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող Evolution ընկերության պաշտոնական գրասենյակը:
Evolution Armenia-ն միջազգային Evolution Group-ի դուստր կազմակերպությունն է։ Վերջինս հիմնադրվել է 2006-ին և ներառված է Nasdaq Nordic հարթակում: Evolution-ը առցանց խաղերի ոլորտում նորարար ծրագրային ապահովման լուծումներ է առաջարկում ամենախոշոր օպերատորներին։ Ընկերությունն իր թիմում է հավաքել մոտ 100 ազգությունների ավելի 16,000 ներկայացուցչի, իսկ Հայաստանում Evolution ընկերությունն արդեն ունի մոտ 200 աշխատակից, և ծրագրում է ընդլայնել թե՛ աշխատակիցների թիվը, և թե՛ գործունեության շրջանակը։

«Մեր կարևորագույն նպատակը առցանց խաղերի համար ծրագրային ապահովում մշակելն ու առցանց հեռարձակման ստուդիաները գործարկելն է, որտեղ մեր աշխատակիցները հնարավորություն կստանան շուրջօրյա ռեժիմով խաղեր վարել։ Նոր ստուդիան Երևանում բացելու որոշումը պատահական չէ, այստեղ մեծ մեծ ներուժ ենք տեսնում աշխատուժի ու ընդհանուր զարգացման տեսանկյունից։ Սա իսկապես կայուն, թափանցիկ եւ կանխատեսելի բիզնես միջավայր է մեր հերթական ստուդիայի գործարկման համար», – նշել է Evolution ընկերության Գործառնությունների Տնօրեն Օլեսյա Իվանովան։

Միաժամանակ, Evolution Armenia-ի Գործառնությունների մենեջեր Նադեժդա Աբոլայի խոսքով՝ ընկերության ճիշտ առաջընթացի ու ընդլայնման համար շատ կարևոր էր նոր ստուդիայի տեղակայման վայրը, և Երևանում շատ են հավակնոտ ու աշխատասեր երիտասարդները, որոնք ցանկություն ունեն իրենց կարիերան սկսել բազմամշակութային միջավայրում։
Evolution–ի՝ հայաստանյան ստուդիայի բացման արարողությանը ներկա են գտնվել Evolution Group-ի Գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Կարլեսունդը, Գործառնությունների տնօրեն Օլեսյա Իվանովան, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, բիզնես ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, տեղական լրատվամիջոցներ եւ տեղական թիմի ներկայացուցիչներ։

Evolution ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի ավելի քան 40 վայրում։ Ընկերությունն առցանց խաղերի ոլորտում ամենախոշոր օպերատորներին է առաջարկում նորարար ծրագրային ապահովման լուծումներ՝ միաժամանակ մշակելով, ստեղծելով, գովազդելով ու լիցենզավորելով ամբողջովին ինտեգրված B2B առցանց կազինոյի լուծումներ խաղային օպերատորների համար։






