Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ԻԻՀ համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները, կձեռնարկեն բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրությանը, գրում է «ՍիվիլՆեթը»:
«Մենք ունենք համատեղ շահեր, կարծիքներ, նաև մտահոգություններ Հարավային Կովկասում: Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որ տարածաշրջանում՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ: Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում: Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները բոլորովին չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է: Եվ մենք կձեռնարկենք բոլոր քայլերը` դիմակայելու յուրաքանչյուր նման մտադրությանն անգամ»,- ասել է Աբդոլլահիանը։
Աբդոլլահիանը, պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ծրագիրը, ասել է, որ այդ հարցը բավականին երկար քննարկել են, օրակարգի կարևոր թեմաներից է և որ կարող ենք ձևավորել եռակողմ պլատֆորմ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև։
ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը: