2023-ի համար Հայաստանում կանխատեսվում է 7 տոկոս տնտեսական աճ և դա է բոլոր հարկաբյուջետային ցուցանիշների հաշվարկի հիմքում, պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 23․7 տոկոս։ Այդ մասին ասվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում մեկնարկած են «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ։
2023 թ. համար դեֆիցիտը նախատեսվում է 289 մլրդ դրամի չափ, ծախսերը կկազմեն մոտ 2․6 տրիլիոն դրամ:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ քանի որ նախագիծը կազմվել է այն սկզբունքով, որ պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն, ապա պետք է էականորեն ավելացնել սեփական եկամուտները, մասնավորապես, հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքները, որոնք կապահովեն միջնաժամկետ հատվածում Կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում։
Նա հավելել է նաև, որ 2023 թ. համար որպես հիմնական նպատակադրում սահմանվել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը, և այդ նպատակով կավելացվեն կապիտալ ծախսեր։
Նշվել է, որ 2023 թ. պետբյուջեն առանձնահատուկ է նրանով, որ կապիտալ ծախսերը լինելու են էապես աճող, դրանց հանրագումարը սահմանված է 548 մլրդ դրամի չափ կամ 49 տոկոսով կգերազանցեն 2022-ի ճշտված բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը: Կապիտալ ծախսերը կհասնեն համախառն ներքին արդյունքի 5․9 տոկոսի, որը 2022-ի նկատմամբ ավելի է 1․5 տոկոսով:
2023 թ. կապիտալ ծախսի զգալի մասն ուղղվելու է պաշտպանության եւ անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը: 2023 թ. պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 մլրդ դրամ, դրանք 35 տոկոսով գերազանցելու են 2022 թ. ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները:
Սոցիալական պաշտպանական ոլորտին ուղղվող ծախսերի աճը եւս զգալի է լինելու: Դրանք 2023 թ. կկազմեն 648 մլրդ դրամ, 10 տոկոսով կգերազանցեն 2022 թ. ճշտված բյուջեով սահմանված սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը եւ կապահովվեն համախառն ներքին արդյունքի նկատմամբ 7 տոկոս մակարդակ՝ հարաբերական իմաստով պահպանելով 2022 թ. ցուցանիշը:
Կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 209 մլրդ դրամ, 12 տոկոսով ավելի, քան՝ 2022 թ., առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 149 մլրդ դրամ, որը 4 տոկոսով ավելի է 2022 թ. նկատմամբ: