Ընթացիկ տարվա հուլիս և օգոստոս ամիսներին հյուրանոցային ամբողջ համալիրը 100%-ով զբաղված է եղել, նաև այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները Հայաստանին հայտնել են, որ բազմաթիվ զբոսաշրջիկների մերժել են ՀՀ այցի ուղեգրեր վաճառել, քանի որ չեն կարողացել տեղավորել հյուրանոցներում: Այդ մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Վահան Քերոբյանը` ներկայացնելով երկրում զբոսաշրջության ոլորտի վիճակն ու զարգացման հնարավորությունները։
Նրա խոսքով՝ այդ իրավիճակն առաջին հերթին վերաբերում է Երևան և Գյումրի քաղաքներին, որտեղ պիկ ամիսներին արձանագրվում է հյուրանոցային համարների խիստ անբավարարություն, գրում է Panorama.am-ը։
Քերոբյանն ասել է, որ 2022-ին 1.4 մլն զբոսաշրջիկ է եկել Հայաստան, նախատեսվում է մինչև 2026 թվականն այդ ցուցանիշը հասցնել 2.5 մլն-ի։
Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ Հայաստանի զոբսաշրջային ոլորտի առանձնահայտոկությունն այն է, որ առկա է ընդգծված սեզոնայնություն և ձմռանը՝ նոյեմբերից մինչև ապրիլ, ցածր սեզոնային այցերի ամիսներն են:
Նա հավելել է, որ նախարարությունը ծրագրեր է իրականացնում հյուրանոցների թիվն ավելացնելու համար, իսկ ՏԿԵ նախարարությունը վարկային ծրագրերով խթանում է հյուրատների վերանորոգումը:
2023թ. պետական բյուջեի նախագծով զբոսաշրջության ոլորտի զարգացմանը տրամադրվել է 7.66 մլրդ դրամ։