Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնել Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և նոր տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի և Պարսից ծոցի միջև՝ Արևելյան Ադրբեջանի Նորդուզ գյուղով, հայտնում է Արմենպրեսը՝ Mehrnews-ին հղումով։
Ռոստամ Ղասեմին այս հայտարարությունն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ: Դրա ընթացքում որոշում է կայացվել, որ իրանական ընկերությունները պետք է համագործակցեն Հայաստանի հետ թունելների, ճանապարհների և շենքերի կառուցման գործում:
Ելնելով երկու երկրի միջև կնքված համաձայնագրից՝ նախարարները որոշել են ավարտել և զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքը Նորդուզի սահմանից մինչև Վարզեqան և Թավրիզ:
Ղասեմիի խոսքով, քանի որ Իրանը լավ փորձ ունի «ազգային բնակարանային շարժում» անվանումով բնակարանաշինության ոլորտում, իրանական շինարարական ընկերությունները կսկսեն իրենց գործունեությունը Հայաստանում:
«Իրանի հյուսիսում ավելի քան 200 միլիոն տոննա բեռ է փոխադրվում, ինչը կարելի է լավ հնարավորություն համարել երկու երկրների միջև փոխանակումների զարգացման համար»,- նշել է իրանցի նախարարը:
Ընդգծելով այն փաստը, որ Իրանն աշխարհում ցեմենտի չորրորդ խոշորագույն արտադրողն է, ինչպես նաև արդյունավետ է եղել պողպատի արտադրության ոլորտում՝ Ղասեմին ասել է, որ իրանական ցեմենտի, պողպատի և շինանյութերի արտադրողները կներկայացվեն Հայաստանում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ աշխատանքային այցով Իրանում գտնվող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թեհրան երկու երկրի հարաբերությունների զարգացման համար շրջադարձային կետ կլինի: