Հատուկ հանձարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանն ասում է, թե ԼՂ հայերը կամ կմնան Ադրբեջանի պայմաններով, կամ կհեռանան՝ միևնույն ժամանակ պնդելով, որ դա էթնիկ զտում չէ։
«Ադրբեջանն այն թեզն է առաջ տանում, որ դարերով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կամ կմնան Ադրբեջանի պայմաններով, կամ պետք է հեռանան երրորդ երկիր՝ պնդելով, որ դա էթնիկ զտում չէ։ Հետաքրքիր է, այդ թեզի հեղինակներն իրենք հավատո՞ւմ են իրենց ասածին»,-ասվում է գրառման մեջ։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։
Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։