AM
4 November 2022 - 08:23 AMT

2023-ի հուլիսի 1-ից նվազագույն թոշակը կբարձրանա

2023-ի հուլիսի 1-ից նախատեսվում է նվազագույն թոշակի չափն ավելացնել 4400 դրամով` ներկայիս 31,600 դրամից մինչև 36,000 դրամ։ Այդ մասին ԱԺ–ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Նախատեսվում է վերանայել աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման ձևը 1 տարվա ստաժի համար սահմանելով մեկ արժեք 525 դրամ, ներկայիս 500 դրամի փոխարեն։ Զինվորական ծառայության 1 տարվա արժեքը կսահմանվի 1700 դրամ ներկայիս 1600 դրամի փոխարեն։ Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը 1-ին կարգի հաշմանդամության համար կհասցվի 50,600 դրամի ներկայիս 46,000 դրամի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամի համար 41,400 դրամ 36,000 դրամի փոխարեն և 3-րդ խմբի հաշմանդամի համար 38,000 դրամ` այժմ գործող 33,000 դրամի փոխարեն»,– ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը 2023–ի հուլիսից կդառնա 38,000 դրամ` ներկայիս 33,000 դրամի փոխարեն։ ՀՀ 89,629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33,350 դրամ։

2023–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը ևս կբարձրանա` 68,000 դրամից դառնալով 75,000 դրամ։

Բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները 2022–ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28,600 դրամից հասնելով 31,600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023–ի հունվարի 1-ից, բայց հարկային եկամուտների ավելացման արդյունքում որոշումը կառավարությունն ընդունեց ավելի շուտ։