AM
16 November 2022 - 09:04 AMT

Նախարար․ 2023-ին պաշտպանական ոլորտին կհատկացվի 506 մլրդ դրամ

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում 2023-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է, որ մեծ կարևորություն է տրվել պաշտպանական ծախսերին։

Նա հավելել է, որ 2023 թվականին պաշտպանական ոլորտին կհատկացվի 506 մլրդ դրամ՝ դա 35 տոկոսով գերազանցում է 2022թ․ ճշտված բյուջեով սահմանված ծախսերը։

«Սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 648 միլիարդ դրամ, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը 2023-ին գերազանցելու է 267 մլրդ դրամը»,- ասել է նախարարը։

Նա նշել է նաև, որ 2023-ին կավելանան պետական ծառայողների աշխատավարձերը։ Ըստ նրա՝ աշխատավարձերի բարձրացումը տեղի կունենա նվազագույն աշխատավարձի փոխկապակցված բազային աշխատավարձի չափը բարձրացնելու և ներկայում սահմանված 66,100 դրամը 83,200 դրամ սահմանելու արդյունքում։

2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերը նախատեսված են 2 տրիլիոն 590 միլիարդ դրամի չափով, ինչը 2023թ ՀՆԱ-ի 27.8 տոկոսն է, կամ 1 տոկոսային կետով ավելի, քան 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսերն են։