Պարզեցվել և ներդրվել է ավել վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնացման, փոխհատուցման տուրքերի, միասնական մաքսային վճարի և տուգանքի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման նոր ընթացակարգ, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Իրականացված աշխատանքների արդյունքում զգալի կրճատվել է գումարների վերադարձման ժամկետը:
«Ավել վճարված մաքսային վճարները տնտեսվարողներին վերադարձվում են մաքսային մարմնի կողմից՝ ապրանքային հայտարարագրում հայտարարագրված կամ այլ մաքսային փաստաթղթերում հաշվարկված մաքսային վճարների վերաբերյալ տվյալներում սահմանված կարգով ճշգրտումներ կատարելու պայմանով և ազգային օրենսդրությամբ սահմանված այլ պայմանների պահպանման դեպքերում: «Մաքսային կարգավորման մասին» օրենքի համաձայն, ՀՀ գանձապետական հաշիվներին ավել վճարված մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձը կատարվում է տնտեսվարողի կողմից դիմում ներկայացնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում»,-ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։ :
Նոր ընթացակարգով ավել վճարված մաքսային վճարների վերադարձը հնարավոր է կազմակերպել 3-5 աշխատանքային օրվա ընթացքում, նախկին՝ 15-20 օրվա փոխարեն։ Իսկ ավել վճարված ներմուծման մաքսատուրքը, ԵԱՏՄ տուրքերը տնտեսվարողին վերադարձվում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ client-tresury էլեկտրոնային ծրագրի միջոցով՝ ավելի կարճ ժամկետում:
Ավել վճարված կամ ավել գանձված մաքսատուրքի, հարկերի գումարները վերադարձվում կամ հաշվանցվում են վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի հիման վրա: Միասնական դիմումի ձևը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջում, «Հետադարձ կապ» բաժնում:
Առաջիկայում կայքէջում հասանելի կլինի նաև էլեկտրոնային դիմումի լրացման և ներկայացման հնարավորությունը։ Դիմումի ձևը կիրառելի է, մասնավորապես, ավել վճարված ներմուծման մաքսատուրքի, ԵԱՏՄ տուրքերի (հատուկ, հակագնացման, փոխհատուցման), մաքսային մարմինների գանձմանը ենթակա հարկերի` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի, ինչպես նաև միասնական մաքսային վճարի և տուգանքի վերադարձման դեպքերում:
Մասնավորապես, նախկինում մաքսային մարմնի մի քանի ստորաբաժանումների փոխարեն գործընթացն այժմ համակարգվում է ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության կողմից։