AM
16 November 2022 - 10:32 AMT

ՌԴ-ում աճում է հայկական գինիների պահանջարկը

Ռուսաստանում աճում է հայկական գինիների պահանջարկն ու վաճառքը։

Luding Group ընկերության մարքեթինգի տնօրեն Անդրեյ Ուշակովն ասել է, որ միջին սեգմենտի հայկական գինիների ներկայացվածությունը մանրածախ ցանցերում աճում է, իսկ բարձր սեգմենտի գինիները պահանջված են գինու բուտիկներում և HoReCa-ում։

Ըստ նրա, Luding-ն ավելացրել է Հայաստանից իր ամենախոշոր գործընկեր Karas-ի գինիների վաճառքը 120%-ով, գրում է «Կոմերսանտը»։

WineRetail տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ստավցևն էլ նշել է, որ դժվար է գնահատել Հայաստանից ներկրվող գինու ծավալը, սակայն 2022-ին ՀՀ-ից մատակարարումը պետք է կտրուկ աճած լինի, քանի որ տեղական ընկերությունները խոսում էին ՌԴ-ում աժիոտաժային պահանջարկի մասին։

Ստավցևն ասել է նաև, որ ՌԴ-ում ցածր գնային սանդղակի գինիների պահանջարկ կա։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ն բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Ավելի վաղ գինու վաճառքով զբաղվող Fort ընկերության ներկրման գծով տնօրեն Դարյա Սոլոգուբն ասել էր, որ ռուսաստանցիները երկրի դեմ պատժամիջոցների և սահմանափակումների պայմաններում իտալական, իսպանական կամ ֆրանսիական գինիները կարող են փոխարինել ռուսական արտադրության գինիներով, ինչպես նաև Հայաստանում, Հունաստանում, Չիլիում, Արգենտինայում, Թուրքիայում և Սերբիայում արտադրվող գինիներով։