Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողներին, ասել է, որ այս տարի 20,000 քիչ մարդ է գնացել «խոպան»:
Տարեսկզբից, նախարարի պնդմամբ, ՌԴ-ից մոտ 50,000 մարդ է վերադարձել Հայաստան՝ հայկական անձնագրերով, մոտ այդքան մարդ էլ վերադարձել է ռուսական անձնագրերով, գրում է «Առավոտը»։
Բյուջեի կատարման և տնտեսական աճի մակարդակի համար, ընդհանուր առմամբ, ըստ Վահան Քերոբյանի, 3 հիմնական ռիսկ կա՝ անվտանգային, լոգիստիկ և որակյալ աշխատուժի: Նա նշել է, որ վերջին խնդիրը վերաբերում է տնտեսության բոլոր ճյուղերին:
Ըստ նախարարի, որքան աշխատուժի կարիք ունենք, Հայաստանում այդքան աշխատուժ կա, բայց ինչ-ինչ պատճառներով այն չի բավարարում գործատուներին և աշխատատեղը մնում է թափուր:
«Բոլոր ոլորտներն ունեն ցածր որակավորում ունեցող աշխատուժի սուր պահանջարկ և այդ պահանջարկը մենք տեսնում ենք, որ մեր բոլոր ընկերություններին կաշկանդում է աճել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ խնդիրը 2023-ի աճի հիմնական խոչընդոտն է:
Ցածր աշխատավարձերի խնդիրը, ըստ, նախարարի, կլուծի կառավարության՝ տնտեսության արտադրողականությունը խթանելու ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռնում զարգացնել և հագեցնել նյութատեխնիկական բազան ու բարձր աշխատավարձեր վճարել աշխատողներին: Ծրագիրն արդեն 450-ից ավելի շահառու ունի:
Նախարարը վստահեցրել է, որ ընկերությունները հետաքրքրված են, գործն ընթացքի մեջ: Նա հավելել է, ոչր կա նաև բարձր որակավորում ունեցող աշխատողների համար ծրագիր, որը հնարավորություն է տալու 20-70 տոկոս աշխատավարձերի սուբսիդավորում անելու:
Քերոբյանն ասել է նաև, որ ՌԴ-ում, Ղրիմի կամրջի պայթյունից հետո Լարսի անցակետի ռուսական հատվածում խստացվել են բեռնատարների հետ կապված գործընթացները, ինչի արդյունքում Հայաստանից ՌԴ և ՌԴ-ից դեպի Հայաստան բեռնափոխադրումների գործընթացները բարդացել են: Հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա այսօր Լարսի անցակետում՝ հերթում, հերթն էլ 10-օրական է։
Նշվել է, որ սրանով հանդերձ, անցած տարվա հոկտեմբեր ամսի համեմատ, արտահանման աննախադեպ աճ է գրանցվել՝ 125 տոկոս: Պատճառն այն է, որ բազմաթիվ ընկերություններ ՌԴ-ից դուրս են եկել և շուկան լրացնելու խնդիր կա:
2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերը նախատեսված են 2 տրիլիոն 590 միլիարդ դրամի չափով, ինչը 2023թ ՀՆԱ-ի 27.8 տոկոսն է, կամ 1 տոկոսային կետով ավելի, քան 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսերն են։