Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Հայաստանի բոլոր քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ եկամուտներն ինքնաշխատ կերպով գեներացվելու են ՊԵԿ-ի կողմից։
«Ինքնաշխատ կերպով գեներացվելու են եկամուտները ՊԵԿ-ի կողմից։ Առաջին փուլի սուբյեկտները մարդիկ են, որոնք հեշտությամբ կարող են իրենք էլեկտրոնային ներկայացնել հայտարարագրերը, հետագա փուլերում, եթե մարդիկ կդժվարանան, մեր սպասարկման սրահներում օգնություն կցուցաբերեն: Իրենց շատ բան չի մնում անելու, ընդամենը վերիֆիկացնել այն, ինչն ինքնաշխատ համակարգով գեներացվել է», – ասել է նա, գրում է «Առավոտը»։
Համակարգի ներդրումը Բադասյանը կարևորել է պետությանը տեղեկատվություն տալու, հարկեր վճարելու մշակույթի ձևավորման առումով: Նրա խոսքով, համակարգի ներդրմամբ նաև քաղաքացիներին սոցիալական կրեդիտներ են տրամադրվելու, ինչը նշանակում է, որ քաղաքացիների մասին բավարար տեղեկություններ պետք է ունենան, որպեսզի հասցեական ու թիրախային օգնեն այն խմբերին, որոնց համար նախատեսված են արտոնություններ:
Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում որոշել է, որ 2023-ից սկսած Հայաստանում ներդրվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Այն կիրականացվի 3 փուլով և կավարտվի 2025-ին: