2009թ. ապրիլի 17-ին Երեւանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում կկայանա գիտա-գործնական համաժողով` «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ. գենեզիսը եւ հեռանկարները» թեմայով:Այդ մասին հաղորդում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության Կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության Ակադեմիայի ռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ալեկսանդրի Մաուն եւ բելգիացի տնտեսագետ Ժակ-Ֆրանսուա Տիսսը, ինչպես նաեւ ՌՀՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը:
Համաժողովին կներկայացվեն զեկույցներ` «Համաշխարհային տնտեսական ճգնաժամ. Ռուսատանի հակաճգնաժամային ծրագիրը», «Համաշխարհային տնտեսական ճգնաժամ. Հայաստանյան համատեքստ» թեմաներով:
Համաժողովն անցկացվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կողմից Ռուսաստանի Դաշնության կառավարության Ազգային տնտեսության ակադեմիայի հետ համատեղ:
Համաժողովը տեղի կունենա ՌՀՀ համաժողովների շրջանակներում, որոնք նվիրված են համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամին: